Պատերազմի վեց ամիսների ընթացքում Ուկրաինայի ժողովուրդը փոխել է պատմությունը, փոխել աշխարհը և փոխել ինքն իրեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ օգոստոսի 24-ին երկրում նշվող Անկախության օրվա կապակցությամբ հայրենակիցներին ուղղված ուղերձում։
«Այս վեց ամսվա ընթացքում մենք փոխեցինք պատմությունը, փոխեցինք աշխարհը և փոխեցինք ինքներս մեզ։ Մենք հասկանում ենք, թե ով ով է։ Եվ ամբողջ աշխարհը պարզեց, թե ովքեր են ուկրաինացիները և ինչ է Ուկրաինան»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի համար պատերազմի ավարտը միայն հաղթանակ է նշանակում. «Ի՞նչ է մեզ համար պատ-երազմի ավարտը. Մենք ասում էինք՝ խաղաղություն։ Հիմա ասում ենք՝ հաղթանակ»,- ասել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու համար։
«Դոնբասը Ուկրաինան է։ Եվ մենք կվերադարձնենք այն, ինչպիսին էլ որ լինի այդ ճանապարհը։ Ղրիմը Ուկրաինա է. Եվ մենք կվերադարձնենք այն։ Ինչպիսին էլ լինի այդ ճանապարհը : Մենք այս ազգային տոնը նշում ենք տարբեր հանգամանքներում, պայմաններում և նույնիսկ տարբեր ժամային գոտիներում, բայց միայն մեկ նպատակով՝ պահպանել Ուկրաինայի անկախությունն ու հաղթանակը»,- ամփոփել է իր ելույթը ուկրաինական պետության ղեկավարը։