Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջիօղլուն այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայտարարել է , որ գնաճի մակարդակը այս տարվա ավարտին կարող է հասնել 60,4 տոկոսի՝ նախկինում ծրագրված 42 տոկոսի փոխարեն , ասել է Քավջիօղլուն:
Թուրք պաշտոնյայի խոսքով` կանխատեսումների վերանայման պատճառը համաշխարհային շուկայում արձանագրվող մտահոգիչ զարգացումներն են։
«Երկրորդ եռամսյակում պահպանվում էին աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք բացասաբար են ազդում տնտեսության վրա։ Մյուս բացասական գործոնների թվում են նաև կորոնավիրուսի համաճարակի հետևանքները և էներգետիկ շուկայում ստեղծված կացությունը», — հայտարարել է Թուրքիայի ԿԲ ղեկավարը։
Երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով` հունիսին գնաճի մակարդակը տարեկան կտրվածքով կազմել է 78 տոկոս։ Թուրքիայում գործող Գնաճի վերլուծության անկախ խմբի փորձագետները, սակայն, պնդում են, որ ինֆլյացիայի մակարդակը երկրում հասնում է 175 տոկոսի։