Ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենք-զինամթերքը

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին հորդորում է կամովին հանձնել պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռազմական ոստիկանությունն այս մասին հայտարարություն է տարածել.

«Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ:

Եռակողմ համաձայնագրի շրջանակում հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցում. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապօրինի կերպով պահվող զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս