Էրդողան. «Եվս մեկ անգամ ընդգծում եմ , մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-ուկրաինական պատ-երազմի մեկնարկից հետո առաջին անգամ է այցով գտնվում Ուկրաինայում։ Լվով քաղաքում նա մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եռակողմ ձևաչափով հանդիպմանը։ Այնուհետև կողմերը համատեղ ասուլիս են տվել։

Զելենսկին իր գոհունակությունն է հայտնել Էրդողանին՝ նշելով որ վերջինս այցն Ուկրաինա «հզոր երկրի հզոր աջակցության մասին վկայող ուղերձ է»։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել, որ Թուրքիայի ու ՄԱԿ-ի միջնորդությամբ է ձեռք բերվել համաձայնություն Մոսկվայի ու Կիևի միջև հացահատիկի արտահանման հարցում։

Իր արձագանքի ժամանակ Էրդողանն ասել է.

«Զելենսկու հետ այսօրվա երկկողմ հանդիպումանը քննարկեցինք մեր երկրների միջև ռազ-մավարական գործընկերության մակարդակի հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Քննարկեցինք ներկա պայմաններում մեր համագործակցությունն ու համերաշխությունն առաջ մղելու հնարավորությունները։ Իհարկե, շուրջ 6 ամիս շարունակվող պատ-երազմը եղել է մեր խոսակցությունների հիմնական թեման։ Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։

Հույս հայտնելով, որ ռուս-ուկրաինական պատ-երազմը բանակցությունների սեղանի շուրջ կավարտվի՝ Թուրքիայի նախագահը միջազգային հանրությունը կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել դիվանագիտական ​​գործընթացը աշխուժացնելու համար։

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում Զապորոժիեի ատոմակայանի շուրջ շարունակվող բախումների վերաբերյալ։ Մենք չենք ցանկանում վերապրել նոր Չեռնոբիլ»,- ասել է Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ պատերազմի սկզբից մինչև օրս Թուրքիան 98 բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել ուկրաինացի ժողովրդի հրատապ կարիքները հոգալու համար։ Նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում ժամանակավորապես ապաստան էլ գտել 320.000 ուկրաինացի:

Հայտնի է դարձել, որ Անկարայի և Կիևի միջև համաձայնագիր է ստորագրվել պատ-երազմի հետևանքով ավերված Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։ Պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի առևտրի ու Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարները:

Վերակառուցման աշխատանքների կազմակերպման համար երկու երկրները ստեղծելու են հատուկ հանձնախումբ։ Վերջինս համակարգելու է Ուկրաինայի ճանապարհների, կամուրջների, ջրի և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների, հիվանդանոցների ու դպրոցների վերկակառուցման աշխատանքները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս