Հայաբնակ Սոչի. Ռուս-թրքական շփում Հայաստանի թիկունքում

Դեկտեմբեր 29-ին Սոչիում կայացած ռուս-թրքական բնակցությունների ավարտին ԹՀ արտգործնախարար Չավուշօղլուն ափսոսանք է հայտնել, որ «համավարակը երկու երկրներին փոքր-ինչ հետ է պահում երկկողմ հարաբերությունների 100-ամյակի լիաթոք տոնակատարությունից» [Daily Sabah, 1], բայց ավելացրել է, թե «ինքը գոհ է տարին ավարտել անձնական հանդիպումով»

Թրքական գոհունակության համար բոլոր նախադրյալները կան հատկապես կովկասյան ճակատի՝ Հայաստանի պարագային: Նոյեմբերի 9-ից թշնամության կարմիր գծին մոտեցած հայ-ռուսական հարաբերությունները նոր փորձության են ենթարկվում «Հայաստանի ոչնչացման 100-ամյակին ընդառաջ» նշանաբանի ներքո: Բնական է, որ ոճապես սովետական այս նշանաբանը ջերմ աջակցություն է ստացել Թուրքիայի կողմից:

Արցախյան երկրորդ պատերազմի մասին խոսելիս, սովորաբար վկայակոչում ենք 30-ամյա մի ժամանակահատված: Մինչդեռ կա եւս մեկը՝ 100-ամյան: Երկուսին միավորում է հայկական ծայրահեղ ինքնամեկուսացման մոլուցքը, որ ընդհանրապես բնորոշ է եղել ազգի զգալի, թերեւս գերակշիռ հատվածին նվազագույնը 2 հազարամյակ: Ավելին՝ հայկազյան ցեղի ինքնամեկուսացող եւ տարածվող, էքսպանսիվ հատվածները պարբերաբար դաժան, հարյուր հազարավոր կյանքեր խլող մենամարտի են բռնվել իրենց տիրապետության ներքո գտնվող հսկայական տարածքների վրա՝ Բոսֆորից մինչեւ Կարմիր Ծով:

Հազարամյա հայամիջյան մենամարտերը հետզհետե կորցրել են թե տարածական, թե քաղաքական, կրոնական եւ գաղափարային ընդգրկումները, հանգելով մեր աչքի առաջ այսօր տեղի ունեցող մանրուք գզվռտոցի՝ հանուն գռեհիկ լափամանի: Ավելորդ է ասել, որ ողբերգական դարավոր սահանկման ավարտին լափամանը օտար պիտի լիներ:

Հայկական կողմից գզվռտոցի դատարկմանը զուգահեռ, ռուսական կողմը սպառում է իր քարոզչական հնարավորությունները: Հայ հանրությանը Ռուսաստանի «փրկիչ առաքելության» մասին զավեշտով կերակրելը դառնում է գրեթե անհնար: Բոլորը հրաշալի պատկերացնում են տեղի ունեցողի իմաստն ու աղբյուրը: Մոսկովյան հայակործան պայմանագրի հոբելյանի տոնակատարությունը ստիպում է տարածել «փրկության» թեզը նաեւ 1919-1925 թվականների բոլշեւիկ-քեմալական արյունալի գործարքի վրա, ինչը, բնականաբար, անհնար խնդիր է:

Քարոզչական ճգնաժամի պայմաններում պատահական չէ, որ Լավրով-Չավուշօղլու բանակցությունները Սոչիում գրեթե չեն լուսաբանվում ռուսական մեդիայի կողմից: Անզգույշ պատահականություն պետք է համարել բանակցությունների նախօրեին տարածված ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Դրա մեջ ընդունվում էր, որ ռուսկան կողմը արտոնել է Աղդամում տեղաբաշխված Թուրքիայի ԶՈՒ սպայախմբին ԱԹՍ-ների հետախուզական թռիչքներ իրականացնել Արցախի օդային տարածքում, այդ թվում Հադրութի, ինչպես նաեւ Սյունիքին, Վայոց Ձորին եւ Գեղարքունիքին հարակից շրջաններում:

Թրքական ԱԹՍ-ն շքերթի շարասյան մեջ, Բաքու, դեկտեմբեր 2020

Սոչիից մեկ այլ մեդիա սպրդում եղավ այն, որ նախարար Լավրովը նշեց, թե ահաբեկչական բանակի եւ իսլամիստների ընտանիքների տեղաբաշխումը Արցախի օկուպացված տարածքներում այլեւս չի խոչընդոտում ռուս-թրքական համագործակցությանը: Ամեն բան իր գինն ունի: Դեռեւս 2020 մայիսին ՌԴ ԶՈՒ խոսնակ գեներալ Կոնաշենկովը հայտարարում էր, թե Իդլիբում ահաբեկիչների ամրացված շրջանները միավորվել են մարտ ամսվա պայմանագրով տեղակայված թուրքական դիտակետերի հետ [Ռոսիյսկայա պաշտոնաթերթ, 2]: Հիմա դրա մասին ոչ մի խոսք չկա՝ Սիրիայում ամեն ինչ հանգիստ է [ԱԳՆ, Լավով, 3]:

Հայատյացությամբ արտահայտված երկդարյա ռուսական քաղաքականությունը ունի խորը քաղաքակրթական արմատներ: Եղել է եւ կա նաեւ պրագմատիկ մղումը՝ հանել հոգեհարազատ Թուրքիան արեւմտյան ռազմաքաղաքական ուղեծրից: Այժմ, ինչպես եւ 1973-ին Կիպրոսի պարագային, դա ՆԱՏՕ-ն է: Այն ժամանակ Մոսկվայի օրհնությամբ Հյուսիսային Կիպրոսը ենթարկվեց թրքական օկուպացիայի, մինչդեռ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չեկավ:

Թե ինչ հաջողությունների է հասել Ռուսաստանը այս ուղու վրա XXI դարասկզբին՝ կարելի է իմանալ Սոչիում Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունից: «Մենք կարող ենք ունենալ մեր տարաձայնությունները Ռուսաստանի հետ: Պարտադիր չէ ամեն ինչի վերաբերյալ նույն կարծիքն ունենալ: Ռուսաստանի հետ մեր կապերը այլընտրանք չեն ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի հետ մեր կապերին: Արեւմուտքը պետք է կենտրոնանա ոչ թե պատժամիջոցներ կիրառելու, այլ մեզ հետ համագործակցելու վրա» [Daily Sabah, 4]:

Բնական է, որ գաղափարազուրկ էլիտա ունեցող Հայաստանին մնում է սպասել, թե էլի ինչ փորձանք պիտի գա գլխին: 30 տարվա «անկախության» ընթացքին ինքնամեկուսացած Երեւանը Լիբանանն ու Սիրիան սփյուռք էր անավանում, Ակնան՝ «ոչ երբեք հայրենիք»: Հայկական որեւէ կառավարություն այդպես էլ չհամարձակվեց արտասանել «1921 արյունալի թվական» բառերը: Իբրեւ հետեւանք հիմա ստիպված է լինելու արտասանել «2021 հոբելյանական թվական» եւ անդադար երախտագիտություն հայտնել ոմն Վլադիմիր Վլադիմիրովիչի՝ առանց այդ հարգելի անձնավորության պաշտոնը նույնիսկ նշելու: Անցյալ դարասկզբին նույն դերում էր Նիկոլայ Ալեքսանդրովիչը: Արդյոք լինելու՞ է հայկական անհուն երախտագիտության հասցեատեր հաջորդ «ովիչ/եվիչը»: Ցանկալի է խուսափել այդ բարեբախտությունից, գոնե իբրեւ ամանօրյա մաղթանք:
lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս