Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում անհապաղ ճանաչել Արցախը

Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«2020թ. սեպտեմբերից ականատեսն ենք Կովկասում ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, որում հայ ժողովորդը բախվեց ադրբեջանական բանակի հարձակմանը։ Իրավիճակը նախկին սովետական միության այս տարածքում բավականին բարդ է։ Նոյեմբերի 9-ին դադարեցված հակամարտությունը դեռ ամենևին էլ չի ավարտվել։

Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և մասնավորապես հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից։ 2017 թ.-ից ի վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից»,- ասված է որոշման տեքստում:

Քաղաքային խորհուրդն անհրաժեշտ է համարել պարտադրել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը Ադրբեջանին, որի վարչակարգը միջազգային հարթակում արժանանում է խիստ քննադատության։
«Տարածաշրջանային գերտերություն Թուրքիան պետք է իր քաղաքական ազդեցությունն ունենա իր դաշնակից Բաքվի իշխանությունների վրա՝ խաղաղության տևական լուծումը խթանելու համար: Ֆրանսիան՝ Եվրամիության աջակցությամբ, պետք է աշխատի այս ուղղությամբ։

Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է պարտադրեն մարդասիրական միջանցքներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչությանն առաջին անհրաժեշտության և ոչ ռազմական ապրանքներով ապահովելու համար:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած դարավոր բարեկամությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի և հիմնարար ազատությունների պաշտպանության ֆրանսիական համընդհանուր և հումանիստական ավանդույթը պահանջում են, որպեսզի Ֆրանսիան բացի Ազգերի ուղին և անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ այս ճանաչումը դարձնելով Արցախի բնակչության առաջին պատվարը»,- նշված է որոշման մեջ:

Ըստ քաղաքային խորհրդի անդամների` միջազգային ճանաչումը հնարավորություն կտա երաշխավորել Արցախի սահմանների ամբողջականությունը և արդյունավետորեն պաշտպանել երկրի բնակչությանը, որն իրավունք ունի, ինչպես Ադրբեջանի բնակչությունը, ապրել խաղաղ և որոնել զարգացման լավագույն ուղին:

«Այսօր Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը, հանուն հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամության և գիտակցելով նրանց տառապանքները՝ դիմում է, որպեսզի ճանաչվեն սույն կոչում նշված իրավունքներն ու գործողությունները, կոչ է անում կառավարությանը վճռականորեն գործել, օգտագործելով բոլոր դիվանագիտական ուղիները, փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնելու համար` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը և այդպիսով մերժելով ռազմական լուծման ցանկացած ձև, կոչ է անում կառավարությանը անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետությունը և նրա իշխանությունների հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որոշում է ընդունում 30 000 եվրոյի օժանդակություն տրամադրել Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին»,- ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Տեղական մակարդակում Սենտ Էտիենը 2018թ. հոկտեմբերի 21-ին Շուշիի հետ ստորագրել է բարեկամության հռչակագիր: Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել ԼՂՀ-ն ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս